Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնը հաջողությամբ ազատագրելու մասին տեղեկությունը վաղաժամ էր: Մոլում վերսկսվել է փոխհրաձգությունը, մի քանի պայթյուններ էին տեղի ունեցել, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Reuters-ը:
Ըստ արեւմտյան լրատվամիջոցների տեղեկության` համալիրի տարածքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Քենիայի ուժային գերատեսչություններից մեկի աղբյուրը AFP-ին հայտնել էր, որ շենքում մեկ կամ երկու ահաբեկիչ կա: Առեւտրի կենտրոնի մոտ այրվում են մի քանի մեքենա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Քենիայի ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ հատուկ նշանակության ջոկատը գրոհել է առեւտրի կենտրոնը, եւ ոստիկանությունը լիովին վերահսկում է շենքը:
Նայրոբիի առեւտրի կենտրոնը գրոհածների շարքում եղել են երկու-երեք ամերիկացիներ եւ Մեծ Բրիտանիայի մեկ հպատակ, PBS-ի հետ հարցազրույցում պատմել է Քենիայի արտգործնախարար Ամինա Մոհամեդը: Ըստ նրա` ամերիկացիները 18-19 տարեկան են: Խոսքը ծագումով Սոմալիից ԱՄՆ-ի քաղաքացիների մասին է:
Բրիտանական լրատվամիջոցները պնդում են, որ առեւտրի կենտրոնը գրոհած հանցախումբը կին է գլխավորել` Մեծ Բրիտանիայի 29-ամյա քաղաքացուհի Սամանթա Լյութուեյթը` 2005թ. Լոնդոնի մետրոյում ահաբեկչություն իրագործողներից մեկի այրին: «Աշ Շաբաբի» գրոհայինները Twitter-ում հայտնել են իրենց շարքերում «սպիտակ այրու» գոյության մասին, որին իրենք «քաջ կին» են անվանում, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով The Daily Mail-ին:
Սեպտեմբերի 21-ին զինված մարդիկ հարձակվել էին Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնի վրա: Հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապված «Աշ Շաբաբ» խմբավորումը: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 62 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 69 զոհերի մասին, սակայն ավելի ուշ տեղեկությունը ճշտվել էր: 200 փրկվածներից բժշկական օգնության են դիմել 175 մարդ, տուժել են նաեւ ուժային կառույցների 11 աշխատակիցներ:





























