ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ արդեն 6 տարի չի ծխում: Այդ վնասակար սովորությունից նա ազատվել է վախենալով երկրի առաջին տիկին Միշել Օբամայից:

Ինչպես հաղորդում է NBC-ն, Օբամայի խոսքը հրապարակային չի եղել, բայց մամուլում է հայտնվել միացված բարձրախոսի պատճառով: ԱՄՆ նախագահն ու ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մաինա Կիաին զրուցելիս են եղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կուլիսներում:

«Ես հույս ունեմ, որ Դուք թողել եք ծխելը»,-ասել է Օբաման իր զրուցակցին: Կիաին պատասխանել է, որ ժամանակ առ ժամանակ ծխում է եւ իր հերթին հարցրել ԱՄՆ նախագահին, թե հաջողվե՞լ է թողնել ծխելը: «Ես վերջին 6 տարում մեկ ծխախոտ անգամ չեմ ծխել, որովհետեւ վախենում եմ կնոջիցս»,-ժպիտով պատասխանել է Օբաման, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Խոսակցությունները, որ Օբաման ծխում է, նրան ուղեկցել են 2008-ին նախընտրական քարոզչության ընթացքում: Fox News հեռուստաալիքը նույնիսկ այդ ժամանակ հարցում էր անցկացրել հեռուստադիտողների շրջանում, թե պատրա՞ստ են արդյոք նրանք նախագահ ընտրել ծխող մարդուն:

2009-ին արդեն նախագահ դարձած Օբաման հայտարարել էր, որ նախկինի պես պայքարում է վատ սովորության դեմ: