Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Աջակցություն քաղաքացիական հասարակությանը գագաթաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ եւ շնորհակալություն հայտնել օժանդակության համար:

 «Ես ավարտում եմ իմ նախագահության ժամկետը եւ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել այն համագործակցության համար, որը կայացավ մեր երկու երկրների միջեւ...», - Օբամայի հետ զրույցում ասել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ քաղաքականությունից բացի կզբաղվի նաեւ կրթական ոլորտով: «Մտադիր եմ Թբիլիսիում նախագահական գրադարան բացել», - նրա խոսքերն է փոխանցում «Նովոստի Գռուզիան»:

Սահակաշվիլին նաեւ ԱՄՆ նախագահին խնդրել է շարունակել Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը: Իր հերթին Օբաման դրական  է գնահատել Սահակաշվիլիի ավանդը Վրաստանում ժողովրդավարության զարգացման գործում: «Դուք Ձեր հետեւից կարեւոր ժառանգություն եք թողնում՝  ժողովրդավարական եւ բարեփոխված Վրաստանի տեսքով», - նշել է Օբաման:

Սահակաշվիլին Վրաստանի պատվիրակության հետ Նյու Յորք է մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳՎ 68-րդ նստաշրջանին: Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի  25-ին: