ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գլխավորում է ամերիկացի ազդեցիկ քաղաքական գործիչների ցանկը: Նրա Twitter-յան լսարանը հիմնականում կազմված է ոչ ակտիվ եւ կեղծ օգտատերերից, հայտնում է Daily Mail-ը:
MailOnline-ի վերլուծաբանները, ստուգելով ամերիկյան առաջնորդի էջի հետեւորդներին, հանգել են եզրակացության, որ 36,94 մլն «հետեւորդներից» 19,58 միլիոնի կամ 53%-ի դեպքում դրանք իրականում գոյություն չունեցող անձինք են, 27%-ն էլ երկար ժամանակ է չի օգտվում ծառայությունից: Օբամայի ընթերցողներից միայն 20%-ն են ակտիվ բլոգերներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ի ղեկավարին հաջորդում է առաջին փոխնախագահ Ջո Բայդենը. Նա եւս 20% իրական ընթերցող ունի: Հնգյակը եզրափակում են Սպիտակ տան, առաջին տիկին Միշել Օբամայի եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների պաշտոնական էջերը:
Մասնագետները բացատրում են, որ կեղծ «հետեւորդների» նման քանակի պատճառը կարող է լինել սփամ-քոնթենթ տարածողների ակտիվությունը, որոնք հայտնի մարդկանց էջերն օգտագործում են իրենց գովազդի առաջխաղացման համար:





























