Իսպանիայի կառավարությունն անում է ամեն ինչ, որ երկրի խորհրդարանը չընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, գրում է իսպանական ABC թերթը:
Պարբերականի փոխանցմամբ, "երկրի կառավարությունը լավ գիտակցում է, որ Ցեղասպանության փաստի ճանաչումը կսադրի ՆԱՏՕ-ում Իսպանիայի դաշնակիցներից մեկի՝ Թուրքիայի բացասական արձագանքը:
Թերթը նշում է նաեւ, որ «երկրի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը կապի մեջ է Իսպանիայի Կոնգրեսի ստորին պալատի նախագահ Խոսե Բոնոյի հետ՝ նախաձեռնությունը տապալելու նպատակով»:
ABC-ի փոխանցմամբ, Կատալոնիայի խորհրդարանն արդեն ընդունել է Հայոց ցեղասպանության օրինագիծը, ուստի երկրի կառավարությունն անհանգստացած է, որ նման կերպ կարող են վարվել նաեւ Մադրիդում: «Երկրի կառավարությունը մտահոգված է, որ Իսպանիայում կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ թուրք-ամերիկյան եւ թուրք-շվեդական հարաբերությունների հետ, երբ այդ երկրներում ընդունվեցին Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր»,- գրում է պարբերականը:
Աղբյուրը նաեւ ուշադրություն է հրավիրում, որ Թուրքիան երբեք չի ճանաչել 1,5 մլն հայերի սպանդը, խոսելով 300 հազար թվի մասին եւ այն վերագրելով Առաջին աշխարհամարտին:



























