Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայց է նախապատրաստում Airbus ընկերության դեմ, որն, ըստ նրա, իր օդանավը վերանորոգելիս սխալ է թույլ տվել:
Մադուրոն հայտնել է, որ վախեցել է նստել նախագահական А319 CJ օդանավը, երբ այն հետ են բերել Ֆրանսիայում հինգ ամիս տեւած վերանորոգումից հետո, եւ վենեսուելացի տեխնիկներին հանձնարարել է ստուգում անցկացնել: 10-12 օրվա ստուգումներից հետո մասնագետները «լուրջ անսարքություններ են հայտնաբերել օդանավի թեւում»: Airbus-ն առայժմ տեղեկությունը չի մեկնաբանել, հայտնում է lenta.ru-ն:
Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 19-ին ամերիկյան իշխանությունները Մադուրոյի օդանավին միանգամից թույլ չէին տվել թռչել երկրի օդային տարածքով, երբ վերջինս պաշտոնական այցով Չինաստան էր մեկնում: Վենեսուելայի նախագահը դեպքը «ԱՄՆ-ի ագրեսիայի» փաստ էր անվանել՝ ընդդեմ սոցիալիստական երկրի: Մադուրոյի օդանավի հետ կապված միջադեպով են պայմանավորում Նյու Յորքում սեպտեմբերի 17-ից անցկացվող ՄԱԿ-ի ԳԱ-ին չմասնակցելու նրա որոշումը: Վենեսուելայի առաջնորդն ինքը չմասնակցելու պատճառ է նշել ոչ թե ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները, այլ իր դեմ որոշ սադրանքների նախապատրաստման վերաբերյալ լուրերը:





























