Հայաստանի բնապահպանութան նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին եւ նրա հետ քննարկել Ղազախստանի նախաձեռնած «Կանաչ կամուրջ» ծրագիրը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է խթանել կանաչ տնտեսությունը, մասնավորապես կանաչ էներգետիկան: «Կանաչ կամուրջ» գործընկերության ծրագրի վերաբերյալ խարտիան նախատեսում են ստորագրել այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Աստանայում կայանալիք Միջազգային համաժողովի ժամանակ, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Հայաստանը:
Նախարար Արամ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմ է նման նախաձեռնություններին, սակայն արարողակարգային ընթացակարգով նախատեսված ժամանակի սղության պատճառով չի կարողանա համաժողովի ժամանակ միանշանակ կարծիք հայտնել: Հայկական կողմը նախագիծը ստանալուց հետո կուսումնասիրի այն եւ առաջիկայում իր որոշման մասին կհայտնի նախաձեռնող պետությանը:
ՀՀ բնապահպանության նախարարը եւ Ղազախստանի Հանրապետության դեսպանը քննարկել են նաեւ բնապահպանության ոլորտում երկու պետությունների համագործակցությունն ակտիվացնելու եւ այդ նպատակով համապատասխան գերատեսչությունների միջեւ համգործակցության հուշագիր նախապատրաստելու վերաբերյալ հարցեր:





























