Եվրամիության ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Գերմանիայի դեսպանը Երեւանում կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ Մաքսային միությանը անդամակցելիս հարցը քննարկել ժողովրդի հետ: Նման հայտարարություն Ռայներ Մորելը արել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
«Բնական է, եթե դու ունես քո առջեւ կանգնած դժվար որոշումներ, դու պետք է առնվազն առաջարկես քննարկումներ սկսել, հարցերը պետք է քննարկվեն եւ մարդիկ պետք է իմանան՝ որ ճանապարհով են գնալու եւ ինչու են այդ ճանապարհով գնալու, եւ այս կերպ, բնականաբար, դու կարող ես ավելի լավ բացատրել քո դիրքորոշումը: Հնարավոր է, որ նման քննարկում լինի, որովհետեւ արդեն իսկ կան հարցը քննարկող խմբեր, սակայն այդ քննարկումները ներքին են: Միգուցե հարցը քննարկվի նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ժողովրդի հետ, որովհետեւ քաղաքականությունը ժողովրդի համար է նաեւ»,-ասել է դեսպանը:
Ռայներ Մորելն ընդգծել է, որ այս պահին դեռ որեւէ որոշում չկա, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները Հայաստանի հետ. «Դեռ մենք ձեռնամուխ էլ չենք եղել [նախագահի հայտարարությունից հետո առաջացած իրավիճակի] գնահատմանը: Մաքսային միությանը միանալու նախագահի խոսքերից հետո հայկական կողմը պետք է պարզաբանի, մենք պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում: Արդյոք խոսքը գնում է լիարժե՞ք անդամակցության մասին, թե՞ ասոցացված անդամակցության, եւ որո՞նք են սահմանափակումները: Ու երբ բոլորն իմանան այդ մասին, մենք կարող ենք առաջ շարժվել»:
Առավել մանրամասն կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























