Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական
Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ՝ վարչապետը չին ժողովրդին մաղթել է երջանկություն եւ բարեկեցություն:
Անդրադառնալով հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է տարբեր բնագավառներում երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող փոխգործակցությունը:
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին, որը միջազգային ասպարեզում հանդիսանում է տնտեսական եւ քաղաքական հիմնական դերակատարներից մեկը: Միաժամանակ, մենք բարձր ենք գնահատում Չինաստանի կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը եւ շնորհակալ ենք մեր տարածաշրջանում իրականացվող բալանսավորված եւ կառուցողական քաղաքականության համար: Այդ կապակցությամբ, ցանկանում եմ վստահեցնել, որ ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ունի վստահելի գործընկեր եւ հավատարիմ բարեկամ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ Չինաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկը հանդիսանում է ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իր եւ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի միջեւ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Դալյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրվել է Հայաստանին լրացուցիչ 100 մլն յուանի աջակցության մասին համաձայնագիր: «Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի ֆինանսական աջակցությունը, որը մեծ նշանակություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Մենք նաեւ ողջունում ենք Երեւանում չինական դպրոցի կառուցման վերաբերյալ Չինաստանի կառավարության որոշումը, ինչը եւս մեկ խորհրդանիշ կդառնա երկու ժողովուրդների միջեւ բարեկաման հարաբերությունների եւ համագործակցության ամրապնդման համար»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր երկկողմ օրակարգային կարեւորագույն կետերից մեկը հանդիսանում է տնտեսական կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարն ուրախությամբ նշել է, որ այդ հարաբերությունները մշտապես ունեն զարգացման միտում: Վարչապետն այդ ուղղությամբ կարեւոր քայլ է համարել նաեւ Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում հայկական ապրանքատեսակների տաղավարի բացումը, որը տեղի է ունեցել Չինաստան կատարած իր այցի շրջանակներում:
Տիգրան Սարգսյանը կարեւորել է նաեւ Չինաստանի վարչապետի հետ ստորագրված երկկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համաձայնագիրը, որը նախատեսում է ստեղծել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, ինչը կարեւոր քայլ է տնտեսական կապերի զարգացման եւ ամրապնդման գործում: Վարչապետի խոսքով՝ այդ համաձայնագրի իրականացումը թույլ կտա զարգացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում:
«Մեր կարծիքով՝ հեռանկարային են համարվում զբոսաշրջության ոլորտը, որի զարգացման համար մեծ նշանակություն կունենա երկկողմ ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաները, արդյունաբերությունը եւ այլ բնագավառներ: Վստահ ենք, որ այս ամենը նոր թափ կհաղորդի մեր երկրների միջեւ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- նշել է կառավարության ղեկավարը:





























