Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  (ՄԻԵԴ) որոշման համաձայն` Ֆրանսիայի իշխանությունները պարտավորվում են հինգ հազար եվրո վճարել բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման երկու գրոհայինների, որպես դատական գործընթացին սպասելիս  վեց տարի ճաղերի  հետեւում անցկացնելու բարոյական վնասի փոխհատուցում:

2003թ. դեկտեմբերին կալանավորված Պատշա Աբադ Ուրկիշոյի  եւ Խոսե Միգել Ալմոնդոզի մոտից իրավապահները հատուկ գործողության ընթացքում զենք էին առգրավել: Նրանց դատը կայացել էր  միայն 2009թ. նոյեմբերին, նրանք, համապատասխանաբար, դատապարտվել էին  10 եւ 12 տարվա ազատազրկման` ահաբեկչական  գործողությունների նախապատրաստությանը մասնակցելու համար, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ՄԻԵԴ-ը հայցվորների գործում Մարդու իրավունքների  եւ հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի  5-րդ հոդվածի խախտում է արձանագրել (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք): Ստրասբուրգի դատարանի տվյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Աբադ Ուրկիշոն 2010թ. արտահանձնվել էր Իսպանիային:  Ալմոնդոզ Էրվիտին առայսօր պատիժը կրում է Ֆրանսիայի հարավի բանտերից  մեկում: