Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պարզաբանել է, թե ինչու ներողություն չի խնդրել ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթի ժամանակ:
ԱՄՆ-ում գտնվող Սահակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում ներողություն է խնդրել նրանցից, որոնք իր կառավարման ընթացքում բարեկեցիկ կյանքով չէին ապրում: «Իհարկե, շատերի կյանքը բարեկեցիկ չէր, եւ ես նրանցից եմ ներողություն խնդրել: Մեր արմատական մեթոդները ոմանց համար ծանր հետեւանքներ ունեցան: Ակնհայտ է, որ կան կարիքավոր մարդիկ, թեեւ աղքատությունը կտրուկ նվազել է: Ես ներողություն եմ խնդրում այդ մարդկանց, բայց երբեք ներողություն չեմ խնդրի այն բանի համար, որ մենք չենթարկվեցինք զավթիչին: Ընդհակառակը, մենք Վրաստանը դարձրինք շատ կարեւոր երկիր», - հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Interpressnews»-ը:
«Գրուզիա Online»-ը մի փոքր այլ կերպ է մեջբերում նախագահին. «Ես երբեք ներողություն չեմ խնդրի այն բանի համար, որ չենք տրվել զավթիչին»: Գործակալության տվյալներով՝ Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանի ներսում առկա հակասությունը ժողովրդավարությանը բնորոշ գործընթաց է, սակայն կան թեմաներ, որոնց մենք չպետք է անդրադառնանք: «Մենք պետք է բավական զգույշ լինենք: Եթե մենք մշտապես կրկնենք, այդ թվում օտարերկրյա պարբերականներին, որ պատերազմը Վրաստանի մեղքով էր, որ մենք պատասխան կրակ չպետք է արձակեինք, որ Վրաստանն աննշան երկիր է, դա անհասկանալի է»,- ասել է նա:
«Ես այստեղ (ՄԱԿ) հանդես եկա Վրաստանի անունից: Նայեք վերջին երկու օրերի մամուլը: Շատերը շնորհակալություն են հայտնում, այդ թվում նաեւ Ռուսաստանից: Շնոհակալ են Վրաստանին, այլ ոչ թե նախագահին: Սա համատեղ մեծ պայքար է եւ այդ համատեքստում հայտարարում ես, որ Վրաստանը աննշան պետություն է, որ մենք չենք կարող տարածաշրջանային կամ համաշխարհային նպատակներ ունենալ: Մենք, այսպես թե այնպես, ունենք համաշխարհային նպատակներ, ինչի համար Պուտինը պատժում է մեզ»,- նշել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթում Վրաստանի հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային երկրներում, անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ նշելով, որ Ռուսաստանի նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ հենց ինքը հակամարտությունը: Ռուսական կողմը Վրաստանի նախագահի ելույթի ժամանակ լքել էր նիստերի դահլիճը:
ՄԱԿ-ի ԳԱ-ում Սահակաշվիլիի ելույթի ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը դեմարշ է կազմակերպել





























