Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի ԳԱ-ում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթի ժամանակ լքել է դահլիճը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ Սահակաշվիլիի ելույթը ռուսատյաց եւ հակաուղղափառ բնույթ է ունեցել: «Այս անգամ դա նույնիսկ ելույթ չէր, այլ անհեթեթ մտքերի հավաքածու, որոնք պարզապես հակառուսական չէին, այլ ռուսատյաց եւ հակաուղղափառ բնույթ ունեին: Ի երջանկություն վրաց ժողովրդի` մոտ է այդ մարդու քաղաքական գործունեության մայրամուտը, որի հոգեկան վիճակը մասնագիտական գնահատականի կարիք ունի», - ընդգծել է ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Սահակաշվիլին կանխագուշակել է «ԿԳԲ-ի նախկին գործակալ Վլադիմիր Պուտինի» մոտալուտ հեռացումը Կրեմլից, «Ռուսական կայսրության» վերջը, «Եվրասիական միություն» նախագծի տապալումը, դատապարտել է «վրացական տարածքների անեքսիան» ռուսների կողմից, բացատրել է, թե ինչու է Վրաստանը ճանաչել չերքեզների ցեղասպանությունը, նկարագրել է Վրաստանի ձեռքբերումներն իր կառավարման ընթացքում եւ ներողություն է խնդրել Վրաստանի այն քաղաքացիներից, որոնց կյանքը չի կարողացել բարելավել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մի քանի տարի անց Վլադիմիր Պուտինը կհեռանա Կրեմլից, կանհետանա ռուսական քաղաքականությունից: Ռուսաստանի քաղաքացիները նրան կհիշեն` որպես հին ժամանակների ուրվական: Ոչ ոք չգիտի` կլինի այդ գործընթացը խաղաղ, թե բռնի, նրա հաջորդը ազգայնական կլինի, թե լիբերալ, սակայն կարեւորն այն է, որ Ռուսաստանը կդադարի կայսրություն լինելուց, այն կդառնա սովորական պետություն», - ասել է Սահակաշվիլին:





























