ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել լրագրողների հետապնդումները: Հայտարարությունն արվել է «Թոլիշի սադո» թերթի խմբագիր, հայտնի «Դավայ, դո սվիդանիյա» տեսահոլովակի հեղինակ Հիլալ Մամեդովի դատավճռի հրապարակումից հետո:

«2012-ին նոյեմբերին Բաքու կատարած պաշտոնական այցելության ընթացքում ես այցելել եմ Մամեդովին, այլ բանտարկյալ լրագրողների եւ նրանց գործերը քննարկել այդ երկրի իշխանությունների հետ: Ինձ համար ցավալի է տեսնել, որ ազատ լրատվամիջոցների համար անբարենպաստ պայմաններն Ադրբեջանում չեն բարելավվել, ավելին՝ դրանք աճում են, քանի որ եւս մեկ լրագրող երկարատեւ բանտարկության է դատապարտվել»,-հայտարարել է Միյատովիչն ու հավելել. «Ես կոչ եմ անում իշխանություններին՝ հանել բոլոր քրեական մեղադրանքները, որոնք առաջադրվել են Մամեդովի եւ մյուս բանտարկված լրագրողների դեմ եւ ազատ արձակել նրանց», հաղորդում է contact.az-ը:

Միյատովիչը նաեւ անհանգստություն է հայտնել «Բիզիմ յոլ» թերթի լրագրող Փերվիզ Համիշլիի եւ Nota PS թերթի խմբագիր Սարդար Ալիբեյլիի կալանավորումների առնչությամբ:  «Ես խորապես անհանգստացած եմ անկախ լրատվամիջոցների շուրջ իրավիճակի բացասական զարգացմամբ, հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին»,-հայտարարել է Միյատովիչը:

Հիշեցնենք, որ «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը սեպտեմբերի 27-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ թմրանյութեր պահելու, հայրենիքի դավաճանության եւ ատելություն սերմանելու հոդվածներով:

«Դավայ, դո սվիդանիյա» հոլովակի հեղինակին դատապարտել են 5 տարի ազատազրկման՝ ՔԿՀ-ում