Սիրիայի վերաբերյալ բանաձեւը բացառում է ուժի կիրառումը, եւ ընդհանրապես, ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի ցանկացած կիրառում բացառվում է: Այս մասին ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը՝ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ:
«Դա հաստատվում է նրանով, որ բանաձեւի ավարտին ասվում է. եթե սիրիական կողմերից որեւէ մեկը՝ կառավարությունը կամ ընդդիմությունը, խոչընդոտեն տեսուչների աշխատանքին, կամ եթե որեւէ մեկը Սիրիայում քիմիական զենք կիրառի, այդ դեպքերն անհապաղ կքննակվեն Անվտանգության խորհրդում, եւ եթե ապացուցվի, որ որեւէ մեկն ինչ-որ բան է արել եւ դա ապացուցվի, այդ դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ն կարձագանքի 7-րդ գլխի համաձայն: Այսինքն 7-րդ գլխի համաձայն արձագանքելու հնարավորությունը թողնված է ապագային եւ դա ենթադրում է, իհարկե, նոր բանաձեւ ընդունում, եթե, կրկնեմ, վստահելի եւ ապացուցված լինի»,-ասել է Լավրովը:
«Մենք վստահ ենք, որ փորձագետները Սիրիայում պրոֆեսիոնալ եւ անաչառ կգործեն՝ ամբողջությամբ հարգելով այդ երկրի ինքնիշխանությունը: Ռուսաստանը պատրաստ է մասնակցել այդ գործողությանը՝ բոլոր բաղադրիչներով»,-հայտարարել է Լավրովը:
«Բանաձեւը հավասարապես պատասխանատվություն է դնում կառավարության եւ ընդդիմության վրա: Արեւմուտքն առաջին անգամ համաձայնել է նման մոտեցմանը: Բանաձեւում նշվում է քիմիական զենքը ոչ պետական սուբյեկտների ձեռքն ընկնելու անթույլատրելիության մասին, որպիսիք են ընդդիմադիրները: Առանձնահատուկ ընդգծվում է, որ ՄԱԿ-ի անդամները, առաջին հերթին Սիրիայի հարեւանները, պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի իրենց տարածքները չօգտագործվեն ընդդիմությանը քիմիական զենք մատակարարելու համար»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունել է բանաձեւ





























