Սեպտեմբերի 28-ի գիշերը ՄԱԿ-ի ԱԽ-ն որոշում է կայացրել Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ: Փաստաթղթին միաձայն հավանություն են տվել ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր 15 անդամները:
Բանաձեւը բոլոր պետութուններից պահանջում է օգնություն չտրամադրել քիմիական զենք արտադրող, ձեռք բերող եւ կիրառող ոչ պետական օբյեկտներին: Փաստաթուղթը նաեւ կոչ է պարունակում Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսություն սկսելու վերաբերյալ:
Բանաձեւում նշվում է, որ այն չկատարելու դեպքում, միջոցներ կձեռնարկվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը 7-րդ գլխին համապատասխան: Այդ գլուխը խիստ միջոցներ է նախատեսում, նույնիսկ` ռազմական գործողություններ՝ անվտանգություն եւ խաղաղություն ապահովելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Lenta.ru-ն հայտնում է, որ Սիրիայի կողմից տվյալ բանաձեւը չկատարելու դեպքում արտասահմանյան ռազմական միջամտությունը հնարավոր կլինի միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից առանձին բանաձեւ ընդունելու դեպքում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, որ բանաձեւը հարկադրական միջոցներ կիրառելու որեւէ գործողություն չի թույլատրում: «Այնտեղ հաստատվել է Ժնեւում ռուս-ամերիկյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ պահանջների խախտումները եւ քիմիական զենք կիրառելու դեպքերը, ում կողմից էլ որ լինի, պետք է դիտարկվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից, որը պատրաստ կլինի ընդունելու Կանոնակարգի VII գլխի գործողությունները», - Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:





























