Քենիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ուժային կառույցների ներկայացուցիչները տեղյակ են եղել Նայրոբիի առեւտրային կենտրոնում նման խոշոր ահաբեկչության իրականացման ռիսկի մասին՝ հարձակումից առաջ:

Տեղեկատվությունը, այդ թվում նաեւ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից, որ ահաբեկիչները պատրաստվում են հարձակվել Նայրոբիում, հայտնվել է ողբերգությունից մի քանի օր առաջ:

Տեղի Daily Nation պարբերականի տվյալներով նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկատվությունը փոխանցվել է կառավարության 4 անդամների, այդ թվում Քենիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Հակաահաբեկչական զեկույցի համաձայն, որն ուղղված է եղել ՊՆ, ՆԳՆ, ԱԳՆ, ֆինանսների նախարարության ղեկավարներին, ինչպես նաեւ Քենիայի պաշտպանական ուժերի պետ, գեներալ Ջուլիուս Վավերի Կարանգիին, ահաբեկիչները նախատեսել էին զենքի եւ նռնակների օգնությամբ գրավել շենքը, պատանդներ վերցնել, ինչն էլ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Նայրոբիի առեւտրի կենտրոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զինված մարդիկ հարձակվել էին Նայրոբիի  Westgate առեւտրի կենտրոնի վրա: Հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել  «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապված  «Աշ Շաբաբ» խմբավորումը: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 62 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 69 զոհերի մասին, սակայն ավելի ուշ տեղեկությունը ճշտվել էր: 200 փրկվածներից բժշկական օգնության են դիմել  175 մարդ, տուժել են նաեւ ուժային կառույցների 11 աշխատակիցներ: