Լոս Անջելեսի AMGA հեռուստաընկերության եթերում երեկ` սեպտեմբերի 30-ին կայացել է 14-րդ ամենամյա հեռուստամարաթոնը:
Թելեթոնը կազմակերպվել է AMGA (Armenian Media Group of America) հեռուստաընկերության եւ Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների Սուրբ Ծննդի բարեգործական հիմնադրամի կողմից: Ծրագրի հեղինակը Քաջ Նազար երգիծաթերթի տնօրեն Հովհաննես Բալայանն է:
AMGA հեռուստաընկերության մենեջեր Կարինե Կեպենյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ հեռուստամարաթոնի արդյունքը գերազանցել է կազմակերպիչների բոլոր սպասելիքները: «Թելեթոնի ընթացքում մոտ 170 հազար դոլարի խոստում է ստացվել: Թելեթոնին մասնակցել են Լոս Անջելես շրջանի շերիֆ Լի Բական, Գլենդելի քաղաքապետարանի անդամներ, հայազգի բժիշկներ, փաստաբաններ, գործարարներ: Ուրախալի է այն, որ ժողովրդի ակտիվությունն էր շատ բարձր: Մենք նույնիսկ նման մասնակցություն չէինք կանխատեսում»,- նշեց նա:
Գումարը հիմնականում ծախսվելու է Արարատի մարզի Դալար գյուղի մակնապարտեզի վերանորոգման համար: Գյուղի մանկապարտեզի շենքը, որ կառուցվել էր անցյալ դարի 80-ականների սկզբին, խարխլվել էր, եւ հոսող ջրերը հորդում էին ներս: Հիմնադրամի նախաձեռնությամբ սկսվել էր վերանորոգումը, եւ այժմ ընթանում է վերանորոգման երկրորդ փուլը: Մանկապարտեզը դառնալու է ժամանակակից հանգրվան մոտ 400 երեխաների համար:
Հիմնադրամը բազմաթիվ նշանակալից գործեր է կատարել Հայաստանում, վերանորոգել Խարբերդի մակնատունը, Սպիտակի թիվ 1 դպրոցի մարզավանը, նաեւ 160 հազարից ավելի երեխաների համար Սուրբծննդյան հանդեսներ կազմակերպել:





























