ԱՄՆ-ն հոկտեմբերի 1-ին սկսված ֆինանսական տարի է մտել առանց հաստատված բյուջեի. այսպիսով, ԱՄՆ-ում պետհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը մի շարք պետհաստատությունների աշխատանքի դադարեցման կարգադրություն է տվել։
Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կաշխատի ստիպել Կոնգրեսին` կառավարությունը որքան հնարավոր է շուտ վերաբացել: Օբաման նշել է, որ բանակը պետք է շարունակի աշխատանքը, սակայն չի բացառել, որ պետաշխատողների մեծ մասը կմեկնի չվճարվող արձակուրդի, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ հանրապետական ընդդիմության կողմից վերահսկվող ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին, որն ընդունելի չէր Սպիտակ տան համար: Օրինագծին կողմ էր արտահայտվել 228 կոնգրեսական, դեմ` 201, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող ԱՄՆ-ի Սենատն ի պատասխան 56 դեմ եւ 46 կողմ ձայներով մերժել էր հանրապետականների առաջարկը:





























