Նայրոբիի Westgate առեւտրի համալիրում տեղակայված խանութների սեփականատերերը քենիացի զինվորականներին կասկածում են դիակապտության մեջ: Այս մասին այսօր հաղորդում է AP-ն: Նրանք պնդում են, որ խանութներից անհետացել են թանկարժեք զարդեր, բջջային հեռախոսներ, ալկոհոլ եւ դրամարկղի կանխիկ գումարները: Ականատեսներից մեկն անգամ պատմել է գործակալությանը, որ իր աչքի առաջ հատուկ ջոկատայինը սպանվածի գրպանից հանել է սիգարետների տուփ:

Այդ փաստի օգտին է խոսում այն, որ առեւտրի կենտրոնի գրավումից հետո այն անմիջապես շրջափակվել է եւ ներս ու դուրս անել կարողացել են միայն զինվորականները: Այնուամենայնիվ, ուղղակի ապացույցները գործարարները չունեն: Քենիական իշխանությունները հաստատել են առեւտրի կենտրոնից բազմաթիվ ապրանքների անհետացման փաստը, սակայն կասկածյալները չեն նշվել: Ռազմական հրամանատարությունը եւս մեկնաբանություններ չի արել:

Հիշեցնենք, որ քենիական մայրաքաղաքում սեպտեմբերի 21-ին առեւտրի կենտրոնում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 67 մարդ: Դեռեւս 30 մարդու ճակատագիր անհայտ է մնում: