Հրդեհը «Բուլա Դենիզ» գազի հանքավայրում դեռ շարունակվում է: Այս մասին հաղորդում է Turan-ը վկայակոչելով SOCAR-ի մամուլի ծառայությունը:
«Ներկայումս ամերիկացի մասնագետների մասնակցությամբ շարունակվում են շիկացած հորի մաքրման, ինչպես նաեւ հրդեհը մարելու աշխատանքները»,-ասել է աղբյուրը:
Ինչ վերաբերում է պաշտոնական տեղեկատվությանը, ապա սեպտեմբերի 13-ից հետո SOCAR-ը ոչինչ չի հաղորդում հրդեհի մասին, կարծես նման բան չի էլ եղել: Սակայն վերջին տարիներին տեղի ունեցած այս խոշորագույն տեխնածին աղետը շարունակվում է արդեն 1,5 ամիս:
Մի քանի օր առաջ SOCAR-ի փոխնախագահ Հոշբախտ Յուսիֆզադեն ասել է, որ ամրեիկացի մասնագետները զբաղված են պլատֆորմում սարքավորումների բաժանմամբ, որից հետո հորում կրակը կմարվի:
Սակայն նման արտահայտություններ հնչում են օգոստոսի 17-ից, երբ հրդեհը նոր բռնկվել էր: «Բուլա-Դենիս» հանքավայրը գտնվում է, Կասպից ծովում, Բաքվից 80 կմ դեպի հարավ: Պաշտոնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է այն պահին, երբ 6 կմ խորության վրա հոր են փորելիս եղել: Մեծ ճնշման տակ գտնվող գազը դուրս է հորդել եւ բռնկվել:
Փորձագետների տվյալներով՝ ամեն օր հսկայական քանակությամբ (2,5-3 մլն խմ) գազ է այրվում:




























