Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների գործադրած բռնության փաստով քրեական գործի հարուցումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Նա նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Արգիշտի Կիվիրյանը վստահ է, որ նման ճակատագրի կարժանանա նաեւ մյուս գործը, քրեական գործի հարուցումը կմերժեն նաեւ սեպտեմբերի 4-ին Բաղրամյան փողոցից տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելու դեպքով, երբ ինքը որպես գլխավոր խմբագիր գնացել էր Արաբկիրի ոստիկանության բաժանմունք, որպեսզի հետեւի գործընթացներին, բայց ապօրինի բերման են ենթարկել։
Դրանից բացի ՀՔԾ-ում շարունակվում է օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած դեպքի առնչությամբ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ենթարկելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը, երբ, Կիվիրյանի պնդմամբ, բռնության էին ենթարկվել ոչ թե ոստիկանները, այլ ինքը, ոստիկանական բաժանմունքիցց նրան տեղափոխել էին հիվանդանոց։
Ինչ վերաբերում է վերլուծաբանի նկատմամբ առկա երեք վարչական վարույթներին, ապա երկուսով արդեն հայց են ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վարչական պատասխանատվության ենթարկել կիրառել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով;
Կայքի համակարգողը շեշտեց, որ փորձելու են բոլոր ճանապարհներով հասնել արդարության, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն համապատասխան պատասխանատվություններ:





























