«Սերժ Սարգսյանի՝ տարածքներ հանձնելու մասին հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ, որ ՀՅԴ-ն պահանջի նախագահի հրաժարականը, սակայն ներկայումս կարեւորը ոչ թե անձերի փոփոխությունն է, այլ գլոբալ փոփոխություններ կատարելը»,- մարտի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցը, որում ՀՀ նախագահը նշել է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրական մեխանիզմների ստեղծման դեպքում հայկական կողմը, որպես փոխզիջում, պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները։
Ընդգծելով, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանը մշտապես հանդես է եկել պահանջատիրոջ դիրքերից, ՀՅԴ պատգամավորն անընդունելի համարեց այն, որ հայկական կողմը, հակառակը, անընդհատ զիջումների մասին է խոսում. «Մենք մեր գործողություններով հանգել ենք նրան, որ բոլորին թվում է՝ պատրաստ ենք զիջումների գնալ. դրա համար էլ միջազգային հանրությունը սեղմում է մինչեւ վերջ՝ գիտենալով, որ հայերին կարելի է կոտրել»,- նշեց Ա. Շահբազյանը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը լայն ճակատով խուսանավելու, պայքար տանելու տեղ ունենալով հանդերձ՝ իր վրա է վերցնում Ղարաբաղի հետագա ճակատագրի ամբողջ պատասխանատվությունը. «Մի՞թե նա Սասունցի Դավիթն է, որ կարողանա դիմագրավել ողջ ճնշմանը։ Չեմ կարծում, որ կարելի է Ղարաբաղի անունից հայտարարություններ անել եւ հարցի ողջ ծանրությունը վերցնել իր վրա»,- շեշտեց ՀՅԴ գործիչը։
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր հերթին ավելացրեց, որ եթե անգամ ՀՀ նախագահը խոսել է տարածքների փոխզիջման մասին, ապա հարցը կարող է քննարկվել միայն ազգերի ինքնորոշման եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցերի որոշակիացումից հետո. «Եթե որեւէ մեկին թվում է, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի հանդես գալ Ղարաբաղի անունից, ապա սխալվում է. Ղարաբաղն այսօր բանակցային կողմ չէ, եւ բնական է, որ երկրի նախագահը հանդես է գալիս նրա եւ Հայաստանի անունից միաժամանակ»,- ամփոփեց Ս. Ավետիսյանը։


























