Երեւակայությունը ցնցող վարդագույն Pink Star ադամանդը, որը 59.6 կարատ է կշռում Sotheby’s-ում աճուրդի կհանվի: Ռեկորդակիր քարը համարվում է ամենաթանկ ադամանդը, որը երբեւէ աճուրդի է հանվել եւ նախնական գինը կազմում է 60 մլն դոլար: Աճուրդը տեղի կունենա Ժնեւում նոյեմբերի 13-ին: Իսկ այժմ Sotheby’s-ի Հոնկոնգի մասնաճյուղում Pink Star-ին ցուցադրության է դրվա: Մի շարք այլ արժանիքների թվում քարի մեծությունն է, պարզությունն ու յուրահատուկ հագեցած գույնը, ինչը վաճառքի հանված մյուս վարդագույն ադամանդների համեմատ նրան գերակա դիրք է տալիս, հաղորդում է Russia Today-ը:
Pink Star-ը հայտնաբերվել է 1999թ.-ին Աֆրիկայի ալմաստի հանքավայրերում: Այս քարը դեռ ոչ ոքի չի պատկանել եւ աճուրդի է հանվում առաջին անգամ երկարատեւ մշակումներից ու իդեալական օվալաձեւ տեսք ստանալուց հետո:
Ավանդաբար վարդագույն ադամանդներն աշխարհում համարվում են բավական հազվագյուտ, ուստի պատահական չէ, որ թանկարժեք քարերի վարկանիշային աղուսյակում դրանք ամենաբարձր հորիզոնականներում են եւ մեծ իրարանցում են հարուցում աշխարհում. դրանց տիրանալու համար պայքարում են աշխարհի առաջատար ոսկերչական կազմակերպությունները:





























