Ամերիկյան  NBC հեռուստաալիքում նոր ռեալիթի շոու կհայտնվի, որի հաղթողը որպես մրցանակ կստանա «ուղեգիր» դեպի տիեզերք՝ միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերության ստեղծած տիեզերանավով:

«Տիեզերական մրզավազք» (Space Race) անվանումն ստացած հեռուստաշոուի պրոդյուսերը բրիտանացի Մարկ Բերնեթն է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սա NBC-ի եւ Բրենսոնի՝ տիեզերքի ուղեգրով մրցանակ ունեցող  հեռուստաշոու անցկացնելու առաջին փորձը չէ:

2000թ. նախատեսվում էր «Նշանակված կայանը՝ «Միր»» հեռուստաշոուն, որի եզրափակիչում մասնակիցները պետք է պատրաստություն անցնեին ռուսական Աստղային քաղաքում, իսկ հաղթողը պետք է ուղեւորվեր «Միր» տիեզերակայան:

Սակայն նախագիծը կյանքի չէր կոչվել:

Նոր շոուի բնույթն առայժմ չի հրապարակվում: