Սոմալիում կալանավորվել է Կանադայի 60-ամյա բնակիչը՝ զանգվածային որդեսպանության մեղադրանքով: Տաքսու վարորդ աշխատող տղամարդը սպանել է իր 3-7 տարեկան չորս երեխաներին:

Երեխաների գլխատված դիակները գտել են սեպտեմբերի 29-ին Բելեդվեյն քաղաքում՝ Մոգադիշոյից 300 կմ դեպի  հյուսիս: Մարդասպանի ձեռքով սպանվել են երկվորյակներ Իդիրիսն ու Սաքարին, ինչպես նաեւ նրանց երեք տարեկան եղբայր Յոնիսն ու յոթնամյա Յախին, գրում է The Toronto Star թերթը:

Սպանության մեջ կասկածվում է երեխաների 60-ամյա հայր Օմար Շիր Հուսեյնը: Ոստիկանությունում ենթադրում են, որ տղամարդը հոգեկան հիվանդ է, հայտնում է  NEWSru.com-ը:

Կասկածյալի կինը՝ Քադրո Հուսեյն Ադավեն պատմել է, որ ամուսինը 30 տարի Կանադայում տաքսիստ է աշխատել: Քադրոյի խոսքով՝ ինքը տարեց օտարերկրացու հետ ամուսնացել է 2005թ.՝ հուսալով, թե դա իր կյանքում դրական փոփոխություն կլինի: Սկզբում զույգը Եթովպիայում է բնակվել, հետո տեղափոխվել են Քենիա, որտեղ ծնվել է առաջնեկը: Երկվորյակներին Քադրոն ունեցել է Ուգանդայում, իսկ Յոնիսը ծնվել է Սոմալիում:

Ամբողջ ընթացքում Հուսեյնը պարբերաբար մեկնել է Կանադա գումար վաստակելու: Տաքսիստն ընտանիքի հետ տարվա մեջ ընդամենը երեք ամիս է անցկացրել:

Երբ բազմազավակ ընտանիքը հաստատվել է Բելեդվեյնում, Օմար Հուսեյնը սկսել է տան անդամներին սպառնալ հաշվեհարդարով: Ադավեի խոսքով՝ ինքը կանադացի դիվանագետներին դիմել է երեխաների  հետ Կանադա արտագաղթելու թույլտվության համար, սակայն մերժվել է: Ամուսնուն Քադրոն խելագար է համարում: