Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում մի քանի հոնկոնգցի լրագրողների զրկել են հավատարմագրումից՝ Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոյի մամուլի ասուլիսի ժամանակ նրանց ցուցաբերած «ոչ կոռեկտ» վարքի պատճառով:

Հոնկոնգցի լրագրողները այնպիսի հարցեր են տվել նախագահին, որոնք կապված են եղել 2010-ին Մանիլայում պատանդներ վերցնելու հետ:

Այդ ժամանակ զոհերի թվում են եղել հոնկոնգցի 8 զբոսաշրջիկներ: Լրագրողները նրանից պահանջել են պատասխանել այն հարցին, պատրաստվում է արդյոք նա գագաթաժողովի շրջանակներում հանդիպել Հոնկոնգի ղեկավար Լյան Չժենինին եւ ներողություն խնդրել զոհերի ընտանիքներից:

Ֆիլիպինների նախագահն անտեսել է նրանց հարցերը, իսկ անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց դուրս են հանել դահլիճից:

Ընդ որում,  Ինդոնեզիայի իշխանությունները չեն պահանջել, որպեսզի հոնկոնգցի լրագրողները լքեն Բալին: Այնտեղ աշխատելու իրավունքից զրկվել են 9 լրագրողներ, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: