Երուսաղեմի հիվանդանոցում երկուշաբթի օրը 94 տարեկան հասակում վախճանվել է Իսրայելի հոգեւոր առաջնորդ, ՇԱՍ (Թորայի պահպանման շարժում) կուսակցության ոգեշնչողներից րաբբի Օվադիա Յոսեֆը:
Յոսեֆը ծնվել էր 1920թ. Բաղդադում: Չորս տարի անց ընտանիքը տեղափոխվել էր Երուսաղեմ: 20 տարեկանում նա դարձել էր րաբբի եւ հոգեւոր առաջնորդ, իսկ արդեն 1968թ.` Թել Ավիվի գլխավոր րաբբի: 1973-1983թթ. դարձել էր Իսրայելի գլխավոր սեֆարդական րաբբի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վերջին տարիներին Յոսեֆը պաշտոններ չի զբաղեցրել, սակայն մեծ հեղինակություն է վայելել Իսրայելի հոգեւոր համայնքում:
ՇԱՍ կուսակցությունը ներկայացնում է Հյուսիսային Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից եկվորներին, այն երկար տարիներ ընդգրկված է եղել Իսրայելի կառավարական դաշինքների կազմում, սակայն վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայտնվել էր ընդդիմության շարքերում:
Վերջին ամիսներին րաբբի Օվադիա Յոսեֆը մի քանի անգամ հիվանդանոց էր տեղափոխվել: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Երուսաղեմում:





























