Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը ներկայացրել է մշակութային ժառանգության 67 oբյեկտներից բաղկացած ցանկ: Այնտեղ ներառված հուշարձանները կարող են քանդվել տնտեսական եւ քաղաքական, սոցիալական գործոնների, ինչպես նաեւ բնության ուժերի ազդեցությամբ:

«World Monuments Watch 2014» ցուցակում ներառվել է նաեւ Հայաստանի հյուսիսում՝ Լոռու Դսեղ գյուղից 2կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղակայված Սբ. Գրիգորի վանքը:

Կազմակերպության կայքում նշվում է, որ վանքը ներկայումս խիտ կանաչապատված վիճակում է, գտնվում է ձորի մոտ եւ այնտեղ կարելի է հասնել բացառապես ոտքով: Փորձագետների խոսքով՝ պատմական վանական համալիրի նշանակության ավելացումը, ինչպես նաեւ այն որպես զբոսաշրջային օբյեկտ ներկայացնելը կլինի առաջին քայլը՝ ուղղված այն պաշտպանելուն:

Ցանկում ներառված են 67 օբյեկտներ, որոնք տեղակայված են աշխարհի 41 շրջաններում եւ դասվում են ամենատարբեր ժամակաշրջանների:

«World Monuments Watch 2014»-ի քարոզչությունը կոչված է ուշադրություն գրավելու մշակութային ժառանգությանն ու դրան սպառնացող վտանգներին: