ԵԽԽՎ-ում հարց տալու հերթականությունը որոշվում է որոշակի գործոնների միջոցով եւ հենց դրանք հաշվի առնելով առաջին հարցի իրավունքն ունեցել է Զարուհի Փոստանջյանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հարց տալու համար գրանցված են եղել Լեւոն Զուրաբյանը եւ Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ հարց տալու իրավունքը Զարուհի Փոստանջյանին զիջել է ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ես հանձնարարել եմ, որ տեղի ունենա փոխարինում եւ մեր պատվիրակության անդամը հնարավորություն ունենա հարց տալու հանրապետության նախագահին: Սա առաջին դեպքը չէ եւ չգիտեմ՝ ինչու մեծ աժիոտաժ առաջացրեց դա, որովհետեւ նախկինում էլ Զարուհի Փոստանջյանը հարց էր ուղղել ՀՀ նախագահին,  որը էթիկայի տեսանկյունից ավելի կոռեկտ էր, բայց ոչ պակաս սուր»:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր պատվիրակություն ունի մշտական կազմ, փոխարինող կազմ, բայց դա չի նշանակում, որ փոխարինող կազմը անդամ չէ եւ չի կարող ելույթ ունենալ, կամ հարց տալ: «Իրավական առումով փոխարինում կազմակերպելու պարտավորություն որեւէ տեղ ամրագրված չէ: Սա բնական քաղաքական ավանդույթ է, որը ունի նորմի ուժ, որ եթե մշտական անդամները հարց չեն տալիս կամ ելույթով հանդես չեն գալիս, տեղի է ունենում փոխարինում: Այստեղ որեւէ զարմանալի բան չկա՝ ժողովրդավարությունը հենց սրա մասին է  խոսում: Տվյալ պարագայում կարծում եմ՝ արհեստական կլիներ, որ իշխանության ներկայացուցիչները հարց ուղղեին նախագահին»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am