ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին դուրս թողնելու հարցը ԱԺ նախագահի իրավասությունների ներքո է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ չցանկանալով մանրամասներ ներկայացնել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ կանոնները չեն պարտադրում, որ ողջ քաղաքական ներկապնակը պետք է ներկայացված լինի պատվիրակության կազմում, ավելին, ԵԽԽՎ ընթացակարգը թույլ է տալիս ռոտացիա կատարել: «Զարուհի Փոստանջյանին հեռացնելու մասին խոսք չկա, կա խոսք՝ պատվիրակությունը ձեւավորելու մասին, ինչը պետք է կատարվի՝ հաշվի առնելով ԵԽԽՎ օրենքները»,-ընդգծել է Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ պատգամավորն ազատ խոսքի իրավունք ունի եւ կարող է ցանկացած հարց տալ, Դավիթ Հարությունյանն ընդգծել է. «Անձամբ ես կարծում եմ, որ աննախադեպ դեպք էր ԵԽԽՎ-ում նման հարց տալը: Կան, իհարկե, քաղաքական գործիչներ, որոնք ավելի ընդդիմադիր երեւալու համար նման գործունեություն են ծավալում: Ժամանակին պարոն Ժիրինովսկին էր նմանատիպ հնարքներ կիրառում, եթե հիշում եք: Նման սկանդալային ձեւերը քաղաքականության մեջ բացասական են ընկալվում»:





























