Եվ Հայաստանում, եւ Բրյուսելում փորձում են հետագա համագործակցության հնարավոր նոր ձեւաչափ մշակել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից:
Ըստ նրա՝ սեպտեմբերի 3-ին Մաքսային միության վերաբերյալ նախագահի հայտարարության հետեւանքով Հայաստանը Վիլնյուսում չի ներկայացվի այն ձեւաչափով, որով ենթադրվում էր: «Սեպտեմբերի 3-ին պարզ էր դարձել, որ Հայաստանը չի կարող DCFTA (Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու) պայմանագիր ստորագրել: Սակայն այդ փաստաթուղթը չի անհետացել, աշխատանքն իրականացվել է, եւ հայկական կողմը մտադիր է Ասոցացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել առանց DCFTA-ի», - նշել է Իսկանդարյանը, միաժամանակ հայտնելով, որ դա անհնար է:
Ըստ նրա համոզման՝ կա ամբողջական տեքստ, որից չի կարելի հանել որեւէ հատված: Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են համաձայնագիրն ստորագրել առանց տնտեսական մասի, սակայն դա քիչ հավանական է: «Հնարավոր է՝ Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում որեւէ հայտարարություն արվի, որ համագործակցությունը շարունակվելու է նոր փուլում, սակայն ներկայումս ամեն ինչ անհասկանալի է», - հայտնել է Ալեքսանդր Իսկանդարյանը, ընդգծելով, որ եւ Եվրոպայում, եւ Երեւանում գիտակցում են, որ համագործակցությունը պետք է շարունակվի:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովը տեղի կունենա Վիլնյուսում՝ նոյեմբերի վերջին:





























