Ֆրանսիացի պատգամավոր Ֆիլիպ Լե Ռեյին տուգանել են 1,3 հազար եվրոյով՝ իր գործընկերոջ ելույթի ժամանակ կչկչալու համար: Դա նրա ամսական աշխատավարձի քառորդ մասն է կազմում:
Լե Ռեյը Նիկոլա Սարկոզիի կուսակիցներից է: Նա հավի նման կչկչացել է Ազգային ժողովում խորհրդարանական Վերոնիկա Մասոնյիի ելույթի ժամանակ: Ֆրանսիայում հավի հետ համեմատելը կարող է հավասարազոր լինել վիրավորանքին. այն ստորացուցիչ է կնոջ համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նման ձայնարկություններ լսելով գործընկերոջից՝ զայրացած Վերոնիկան նրան պատասխանել է. «Վերջացրե՛ք: Ես հավ չեմ»:
Ֆրանսիական ներքին քաղաքականության արդիական թեմաներից է սեռական խտրականության հարցը: Անցյալ տարի մի շարք պատգամավորներ սուլել էին զգեստ հագած կին նախարարի հետեւից: Նրանք հետո հայտարարել էին, որ այդկերպ տիկնոջ գեղեցկության առթիվ իրենց հիացմունքն են արտահայտել:





























