Հայաստանը եղել եւ մնում է ԵՄ կարեւոր գործընկերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Լեհ դիվանագետը փաստել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման համատեքստում տվյալ պահին Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումն անհնար է: Դրա համար անհրաժեշտ է այլ ուղիներ եւ հարթակներ որոնել, որպեսզի համագործակցությունը կայանա:
Դրա հետ մեկտեղ, դիվանագետը կարծիք է հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը նախապես մտածված է եղել եւ տնտեսական առումով հաշվարկված: «Չգիտեմ, թե Հայաստանը ինչ կշահի Մաքսային միությանն անդամակցելուց, սակայն հավատում եմ, որ որոշումը մտածված եւ հաշվարկված է եղել»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը, լեհ մասնագետների հաշվարկներով, Հայաստանին տարեկան կբերեր 150 մլն եկամուտ, ինչը կնպաստեր ՀՆԱ-ի աճին: Դեսպանն առաջարկել է չշտապել եզրակացություններ անել, սպասել մինչեւ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Նրա խոսքով՝ նախորդ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է յոթ տոկոս: Եթե հաջորդ տարի աճը կազմի 9,5 տոկոս, դա կնշանակի, որ Մաքսային միությանն անդամակցելը շահավետ էր: Հակառակ դեպքում, այդ կառույցին միանալն այդքան էլ շահավետ չի լինի, կարծում է դեսպանը:





























