«Զարգացնելով տարածաշրջանային համագործակցությունը արեւելյան գործընկերության երկրներում. Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագիր» խորագրի ներքո, հոկտեմբերի 11-ին, Ստեփանավանում տեղի կունենա ԵՄ-ի կողմից կազմակերպվող առաջին տարածաշրջանային կոնֆերանսը:

Այս ծրագրով ԵՄ-ն զարկ է տալիս միջսահմանային համագործակցությանը տարածաշրջանային ու տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ` ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին համատեղ լուծումներ տալու համար:

Տարածաշրջանային այս կոնֆերանսը երկու նպատակ է հետապնդում. Հայաստանի եւ Վրաստանի սահմանակից մարզերի լայն հասարակության շրջանակներում բարձրացնել իրազեկվածությունը ծրագրի հնարավորությունների եւ ծրագրին մասնակցելու պարագայում երկու կողմերի  օգուտների վերաբերյալ, ինչպես նաեւ հնարավորություն տալ տեղական մակարդակով քննարկելու ծրագրի առաջնահերթություններն ու մասնակից մարզերի կարիքները ծրագրի շրջանակներում:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը,  Վրաստանի Մարզային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջին փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլին, Հայաստանի եւ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից եւ ԵՄ փորձագետներ կմասնակցեն միջոցառմանը:

Տարածաշրջանային կոնֆերանսը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող Արեւելյան Գործընկերության Տարածաշրջանային համագործակցության ծրագրի կողմից (ԱԳՏՀ Ծրագիր):

Նշենք, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի /ԱԳՏՀ ծրագիր/ հիմնական նպատակն է ստեղծել տարածաշրջանային զարգացման համար բարենպաստ միջավայր` Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան, Բելառուս Ուկրաինա եւ Մոլդովա-Ուկրաինա սահմանամերձ մարզերի միջեւ, հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները:

Ծրագրի համար նախատեսված ԵՄ ընդհանուր բյուջեն կազմում է 12,5 միլլիոն եվրո: