Ադրբեջանում նախագահական ընտրությունները տապալվել են կարծիք արտահայտելու եւ հանրահավաքների անցկացման իրավունքի
սահմանափակումների պատճառով, ինչը թեկնածուների համար չի երաշխավորել հավասար պայմաններ: Այս մասին ասվում է հայտարարությունում, որը տարածվել է հոկտեմբերի տասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների կողմից:
Էական խնդիրներ են դիտվում քվեարկության օրը ընտրական գործընթացի բոլոր փուլերում, կան լուրջ թերություններ, որոնք պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանը լիարժեքորեն համապատասխանի ԵԱՀԿ առաջ իր պարտականություններին: «Ցավոք, պետք է ընդգծենք թերությունները այնպիսի փուլերում, ինչպիսին է, օրինակ, ձայների հաշվարկը»,-ասել է ԵԱՀԿ առաքելության համակարգող Միշել Վուազենը:
Հայտարարությունում, մասնավորապես, ընդգծվում է, որ չորս թեկնածուների մերժել են գրանցել: Իշխանությունները հաստատել են նախընտրական հանրահավաքների անցկացման միայն 152 վայրեր՝ այդ կերպ սահմանափակելով քաղաքացիների մասնակցությունը միջոցառումներին:
Դիտորդների խոսքով՝ ընտրություններին նախապատրաստվելիս ԿԸՀ-ն պարբերաբար նստեր է անցկացրել, որոնք բաց են եղել դիտորդների եւ լրատվամիջոցների համար, սակայն կառավարամետ ուժերը դե-ֆակտո մեծամասնություն են ստացել ընտրական հանձնաժողովները ձեւավորելիս: Դրա արդյունքում ընդդիմության ներկայացուցիչները անվստահություն են հայտնել ընտրական կառույցին:
Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցները ոչ բավարար չափով են հասանելի եղել թեկնածուներին : Գործող նախագահի նախընտրական գործունեության լայնածավալ լուսաբանումը հնարավորություն չի տվել հավասարություն ապահովել բոլոր թեկնածուների համար:
Դիտորդները եզրակացրել են, որ լրագրողների ձերբակալությունները, քրեական հետապնդումները, ֆիզիկական հարձակումների եւ նրանց նկատմամբ ճնշման այլ ձեւերի վերաբերյալ վկայությունները բացասական են ազդել լրատվամիջոցների վրա:
Չնայած վերջերս իրականացրած փոփոխություններին, ԺՀՄԻԳ նախկին առաջարկների մեծամասնությունն անկատար է մնում, այդ թվում նաեւ՝ ընտրական հանձնաժողովների կազմի հետ կապված դրույթները:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհոժողովի պատվիրակության ղեկավար Դորիս Բարնետը իշխանություններին կոչ է արել աջակցել Ադրբեջանի քաղաքացիների ժողովրդավարական ձգտումներին՝ դիտորդների մատնանշած խնդիրները լուծելու ճանապարհով:
«Ընտրական գործընթացի վեց շաբաթվա ընթացքում մեր առաքելության հավաքած փաստերից կարելի է եզրակացնել հետեւյալը. դաժան իրականությունն այնպիսին է, որ այդ գործընթացը մեծ մասամբ չի համապատասխանել ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին», - հայտնել է Ադրբեջանում ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան:
Գնահատելով ընտրատեղամասերի վիճակը՝ դիտորդները քվեարկությանը եւ ձայների հաշվարկին վերաբերվող զգալի խնդիրներ են մատնանշել: Նրանք հայտնել են 37 ընտրատեղամասերում բացահայտ լցոնումների մասին: Ձայների հաշվարկը բացասական գնահատական է ստացել ընտրատեղամասերին 58 տոկոսում:





























