Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին եւ հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին հաճախակի դարձած հայ-թուրքմենական տարբեր մակարդակի փոխայցելությունների եւ դրանց արդյունքում միջպետական հարաբերություններում նկատելի աշխուժության մասին: Այդ համատեքստում Թուրքմենստանի դեսպանը կարեւորել է ՀՀ նախագահի հրավերով անցած տարի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան եւ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը:
Դեսպան Նազարովը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի առավել խորացնելու եւ նոր թափ հաղորդելու հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը:





























