Երեւանում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8-րդ երկօրյա նիստը` Խորհրդի պատասխանատու քարտուղարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի արդարադատության նախարարությունների պատվիրակությունների մասնակցությամբ: Պատվիրակությունները ղեկավարում են տվյալ երկրների արդարադատության նախարարները:
ԱՆ մամուլի ծառայոսւթյունից հայտնում են, թե հոկտեմբերի 11–ին շարունակվող նիստը կղեկավարի ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նիստում քննարկվելու են մասնակիցների համար կարեւոր եւ առաջնային համարվող հետեւյալ հարցերը՝
– ԱՊՀ արդարադատության նախարարությունների փորձը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման եւ զարգացման գործում. էլեկտրոնային գրանցում, էլեկտրոնային նոտարիատ, էլեկտրոնային ՔԿԱԳ,
– Չճանաչված կազմավորումների եւ պետությունների ընդունած փաստաթղթերը. ԱՊՀ մասնակից պետությունների փորձը դրանց ճանաչման եւ կիրառման հարցում,
– Ռիելտորական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգը՝ որպես անշարժ գույքի հետ կապված գործարքների ժամանակ քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության միջոց,
–ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 2013-2017թթ. աշխատանքային ծրագիրը։
Քննարկվելու են նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական նիստին առնչվող այլ հարցեր: 2012թ. սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է 2013թ-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:





























