Սամվել Ստեփանյանը, բնակվելով ԱՄՆ-ում եւ նպատակ ունենալով օժանդակել ԱՄՆ-ում գտնվող, ՀՀ քաղաքացի, «Ծիծակ» մականունով Արման Գեւորգյանին, մաքսանենգությամբ ԱՄՆ-ից Հայաստան թանկարժեք ավտոմեքենաներ է տեղափոխել: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Սամվել Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով ԱՄՆ-ում եւ նպատակ ունենալով օժանդակել ԱՄՆ-ում գտնվող, ՀՀ քաղաքացի, «Ծիծակ» մականունով Արման Գեւորգյանին մաքսանենգությամբ՝ մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով ԱՄՆ-ից ՀՀ է տեղափոխել թանկարժեք ավտոմեքենաներ: Նա ամերիկյան վարկային կազմակերպությունների տրամադրած գումարներով իր անվամբ ձեռք է բերել թանկարժեք մեքենաներ: Այսպիսով, Սամվել Ստեփանյանն իր վերոհիշյալ գործողություններով օժանդակել է Արման Գեւորգյանին՝ ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգությամբ, մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով խոշոր չափերով, ընդհանուր 179.750.000 դրամ շուկայական արժեքով ապրանքներ տեղափոխելուն:
Այսինք նա կատարել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 1-ին մասով (մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով) նախատեսված հանցագործությունը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 1000-3000-պատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 9-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























