Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին եւ ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին եւ մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն եւ ոգու արիություն:

«Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման, կայացման եւ բազում հաջողությունների հարցում:

Բարձր ենք գնահատում Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը եւ համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում: Մասնավորապես, անուրանալի են պարոն Մարտենսի հետեւողական ջանքերը համաեվրոպական մեծ ժողովրդականություն վայելող Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ հայաստանյան երկու այլ քաղաքական կուսակցությունների անդամակցության գործում:

Հարազատ դարձած քաղաքական գործիչ Վիլֆրիդ Մարտենսի անունը մեկընդմիշտ կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամների շարքում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: