Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում հային՝ նախկին կապալառուին մեղադրանք են ներկայացրել իր աշխատակիցներին խաբելու եւ նրանց աշխատավարձի մի մասը՝ մոտ 81 հազար դոլար, յուրացնելու մեջ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
64-ամյա Սուրեն Բաբայանին յուրացման, կեղծ փաստաթղթեր լրացնելու, նաեւ վկայի վրա ճնշումներ բանեցնելու մեղադրանք են առաջադրել:
Նախկինում Բաբայանը գլխավոր կապալառու է եղել: Նրա «SBD Construction» ընկերությունը պայմանագիր է կնքել «DJM Construction»-ի հետ՝ Կոստա-Մեսայի հիվանդանոցում: աշխատանքներ իրականացնելու համար: Բաբայանը գումարներ է ստացել ընկերությունից՝ ռոճիկ վճարելու համար, ավել գումար է դուրս գրել աշխատողների անունով, ապա պահանջել գումարի մի մասը: Նա սպառնացել է աշխատանքից հեռացնել այն բանվորներին, որոնք կհրաժարվեն կատարել իր պահանջը: Բաբայանի գլխավորությամբ աշխատել են 17 բանվորներ:
Բաբայանին սպառնում է մինչեւ 57 տարի եւ 9 ամիս ազատազրկում: Ներկայումս նա գտնվում է անազատության մեջ, նշանակված է 200 հազար դոլարի գրավ: Հոկտեմբերի 18-ին Բաբայանը կկանգնի դատարանի առջեւ:





























