Սաթին քրեական աշխարհում հեղինակություն համարվող հայ կանանցից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը: Նրա խոսքով՝ Սաթին 50 տարեկանին մոտ է եւ նա ուղեկցում է «օրենքով գողերին»  ու շատ հարցերով նրանց օգտակար է լինում:

«Սաթիի «ունակությունները» հիմնականում օգտագործվում է արվեստի գործերի  գողությունների շրջանակներում: «Նրա սցենարները օգտագործվում են արվեստի գործերի թալանները կազմակերպելու ժամանակ` նկարներ, քանդակներ, ձեռագրեր, գրքեր եւ այլն: Նա պլաններ է կազմում, որն իրականացնում են որոշ մարդիկ: Իսկ երբեմն էլ նա է մասնակցում այդ թալաններին: Իմիջիալյոց, հիանալի պարում է, կարդացած է եւ շատ կիրթ: Արվեստի գործերի վերաբերյալ հրաշալի գիտելիքներ ունի եւ կարող է բնօրինակն անմիջապես տարբերել կեղծից, եթե անգամ շատ նման է կրկնօրինակին»,- ներկայացրեց Սերգեյ Գալոյանը եւ ավելացրեց, որ Սաթին «Դեդ Հասանի» շրջապատից է եւ շատ հաճախ է եղել Հայաստանում: 

Սաթին, ըստ նրա, ամուսնացած չի եւ երեխաներ չունի: Գրողը նաեւ նշեց, որ քրեական աշխարհում կանանց «օրենքով գող» չեն կարգում, քանի որ «օրենքով գողերն» ունեն իրենց կանոնները, որոնց կանայք չեն կարող դիմանալ, օրինակ, ոստիկանությունում բացատրություն չտան: Միաժամանակ, Գալոյանն ավելացրեց, որ քրեական աշխարհում եղել են կանայք, ովքեր « օրենքով գողերից» շատ ավելի մեծ, հզոր գործեր են արել: