Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը hոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:

Նույն օրը նախագահը Լիոն քաղաքում հանդիպել է տեղի հայկական միությունները համակարգող խորհրդի մի խումբ անդամների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ կայուն կապերի հաստատումը եւ համակարգված աշխատանքի իրականացումը` հավելելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը մասնակցում էին  ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: