Եվրամիությունը 13 մլն եվրո է ներդնում բնապահպանական ծրագրի մեջ, որի նպատակը «Արեւելյան գործընկերության» երկրներում բնապահպանական կառավարումն ուժեղացնելն է։
РБК.ua, վկայակոչելով Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչությունը, հաղորդում է, որ այդ ծրագրի առաջին փուլը նպատակ ունի «Արեւելյան գործընկերության» երկրներում բարձրացնել բնապահպանական հավաստի տեղեկատվության հասանելիությունը։ Ծրագրի շրջանակներում կստեղծվի տարածաշրջանի երկրների նոր ընդհանուր էկոլոգիական տեղեկատվության համակարգ, որը նպաստելու է տեղեկություններ հավաքելուն, վերլուծելուն եւ կարեւոր բնապահպանական իրադարձություններին ու տեղեկություններին հետեւելուն։
Ծրագիրը կօգնի համադրել բնապահպանական տվյալների հավաքումը եւ վերլուծությունը տարածաշրջանի վեց երկրներում, այն կներգրավի փորձագետներին եւ հետաքրքված անձանց՝ տարբեր նախաձեռնություններին բնապահպանական գնահատականներ տալու։
Այսպիսի գնահատականները իրականացվելու են Եվրամիության չափանիշներին համապատասխան, ինչը «Արեւելյան գործընկերության» երկրներին կօգնի մոտենալ շրջակա միջավայրի պահպանության եվրոպական չափորոշիչներին։



























