Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը հոկտեմբերի 10-ի իր առեւանգումն անվանել է  «պետական հեղաշրջման փորձ»: «Նրանք պատրաստվում էին տապալել կառավարությունը եւ Լիբիան դարձնել նոր Սոմալի», -  ասել է Զեյդանը լրագրողներին, հաղորդում է rbc-ն` վկայակոչելով Reuters-ը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վկայակոչելով լիբիական ԼԱՆԱ գործակալությունը, հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին Զեյդանը ելույթ է ունեցել պետական հեռուստատեսությամբ, այդ առեւանգումն անվանել է երկրի իշխանության նկատմամբ ոտնձգություն:

Նա նշել է, որ իր առեւանգման մանրամասներն ապացուցում են, որ այն մանրակրկիտ ծրագրված է եղել եւ կառավարվել վերեւից: Նա նաեւ պատմել է, որ առեւանգիչներն առգրավել են իր  «մի քանի հեռախոսները, կարեւոր փաստաթղթեր, փողեր եւ անձնական համակարգիչը»:

Ալի Զեյդանը առեւանգվել էր հոկտեմբերի 10-ին` Տրիպոլիի հյուրանոցում, Լիբիայի հեղափոխականների օպերատիվ շտաբի զինված գրոհայինների կողմից: Ըստ ապստամբների շտաբի ներկայացուցիչների` վարչապետին բռնել էին հոկտեմբերի 5-ին ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի կողմից «Ալ Կաիդայի» ղեկավարներից Աբու Անաս ալ Լիբիին Տրիպոլիում առեւանգելու հետ իր ունեցած կապի պատճառով:  Վարչապետին ազատել էին մի քանի ժամ անց: