Ֆրանսիայի սանիտարական վերահսկողության ինստիտուտը տխուր վիճակագրություն է ներկայացնում, հայտնում է AFP գործակալությունը:

2007- 2009թթ. երկրի ֆերմերների շրջանում 20 տոկոսով ավելի շատ ինքնասպանություն է գրանցվել, քան մնացած մասնագիտությունների ներկայացուցիչների:

Դեպքերի գրեթե կեսի՝ 47% -ի պարագայում, խոսքը  55- 64 տարիքային խմբի մասին է:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ֆրանսիայում առավել շատ ինքնասպանության հակված են ճգնաժամից ամենաշատը տուժած անասնաբուծական ֆերմաների սեփականատերերը: Ֆերմերների շրջանում երկու օրը մեկ ինքնասպանություն է գրանցվում, հայտնում է  Russia Today-ը:

Հրապարակված տվյալները մամուլում լայն արձագանք են ստացել: The Huffington Post-ը գրում է, որ ֆրանսիական շատ լրատվամիջոցներ մեկնաբանությունների համար դիմել են իշխանություններին եւ երկրի արհմիություններին:

Ի դեպ, ըստ ուսումնասիրությունների, տնտեսական ճգնաժամը Եվրոպայում շատ երկրների բնակչության շրջանում սթրեսի պատճառ է դարձել: Մասնավորապես, Իսպանիայում 2012թ.  30%-ով աճել է ինքնասպանության շեմին գտնվող անձանց կողմից հոգեբանական օգնություն խնդրող ահազանգերի քանակը: