Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը այդպիսի բան կարող էր ասել: Այդ մասին, պատասխանելով NEWS.am-ի հարցին, նկատել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, մեկնաբանելով Թուրքիայի նախկին ԱԳՆ ղեկավար, այժմ պետնախարար Ալի Բաբաջանի հայտարարությունը, թե Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են «քննարկել 1915թ. դեպքերը պատմական հանձնաժողովում»:

«Սակայն եթե դա իրականություն է, ապա դա առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ ես ներկա եմ եղել այն հանդիպումներին, որոնց արդյունքում սկսվել եւ շարունակություն է ստացել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, երբ որեւիցե պայմանավորվածություն ցեղասպանության եղելության քննարկման մասին չի եղել»,- ընդգծել է հայ դիվանագետը:

Նրա խոսքով, թե հանրապետության նախագահը, թե արտգործնախարարը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դրել եւ չի դնելու ո՛չ ցեղասպանության փաստը, ո՛չ էլ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը: Հայաստանի ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է անգամ 2008 թ. նոյեմբերին, Ստամբուլում` Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Բաբաջանի հետ հանդիպումից րոպեներ առաջ: Այսօր, այս հարցի շուրջ որեւէ շահարկում անհարիր է եւ անտեղի, ամփոփել է Արման Կիրակոսյանը: