Ճանաչված ռուսաստանցի շոումեն Լեոնիդ Յակուբովիչը վնասել է Ռուսաստանում Բելգիայի դեսպան Գի Տրուվերուայի մեքենան եւ փախուստի դիմել:

Միջադեպը տեղի է ունեցել հինգաշբթի, ժամը 19-ի սահմաններում, երբ 64-ամյա հաղորդավարը բակից դուրս էր գալիս իր մեքենայով: Ոստիկանությանը դեպքի մասին հայտնել է դեսպանի վարորդը, որը դիվանագիտական Volvo մեքենայով սպասում էր իր բարձրաստիճան ուղեւորին, քանի դեռ նա գտնվում էր թատրոնում, հաղորդում է Lifenews.ru-ն:

Համաձայն հաղորդագրության, մի անձ, որը ըստ նկարագրվածի՝ նման է հայտնի հաղորդավարին, չի կարողացել դուրս գալ իր ջիպով եւ վեճի ընթացքում ոտքով ջարդել է դիվանագիտական համարներով մեքենայի հայելին: Լեզվակռվից հետո նա հեռացել է՝ չսպասելով ոստիկանության ժամանմանը:

Յակուբովիչը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ իր կինը վարորդին խնդրել է հետ քաշել մեքենան, բայց վարորդը վիրավորել է կնոջը: Դրանից հետո հաղորդավարը ներողություն է պահանջել, բայց կրկին արժանացել է վիրավորանքի: «Ահա այդպես էլ ամեն ինչ եղել է: Ես մեքենան չեմ վնասել: Միգուցե ինքն է հետո ջարդել ինչ-որ բան, ես չգիտեմ»,- պատմել է հաղորդավարը: