Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Գերմանիայում թուրքական լիցեյներ (երկրորդ կարգի դպրոցներ) բացելու՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցանկության դեմ:
«Ես կարծում եմ, լավ բան չկա, որ Գերմանիայում բոլոր թուրք դպրոցականները հաճախեն թուրքական դպրոցներ»,- հայտարարել է Մերկելը տարածաշրջանային Passauer Neue Presse օրաթերթին:
Ինտեգրացիայի տեսանկյունից դա չի հանգեցնի «ոչ մի առաջընթացի, քանի որ թուրքական ծագմամբ երեխաներն ու դեռահասները, ըստ էության, պետք է հաճախեն գերմանական դպրոցներ», ասել է կանցլերը, որը մարտի 29-30-ը պետք է պաշտոնական այցով լինի Թուրքիայում:
Մերկելը կրկին հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի լիիրավ անդամությանը ԵՄ-ին՝ նախընտրելով արտոնյալ գործընկերությունը: «Իմ կարծիքն անփոփոխ է մնում այդ հարցում»,- կրկնել է նա:
Նշենք, որ Թուրքիան, որ անդամության թեկնածու է, հրաժարվել է արտոնյալ գործընկերությունից, որ առաջարկել են նաեւ Ֆրանսիան եւ Ավստրիան:




























