Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Դամասկոսից մեկնել է Լիբանան:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, նախարարն ու ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանն այցելել են Լիբանանի Բեքաայի շրջանում գտնվող Այնճար հայկական գյուղը: Ս. Պողոս եկեղեցու բակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել գյուղի հոգևոր այրերը, գյուղապետ Սեպուհ Սքայանը, ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտեի ողջ կազմը, ՀՄԸՄ-ի սկաուտները, Հայ ավետարանական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները:
Հ. Հակոբյանը ծաղկեպսակ է դրել Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանին, այնուհետև «Գալուստ Գյուլպենկյան» սրահում տեղի է ունեցել հանդիպում Այնճարի բնակիչների հետ:
Նախարար Հակոբյանը ներկայացրել է իրենց կատարած աշխատանքներն ու իրականացվելիք ծրագրերը և կոչ է արել երիտասարդությանը, որ մասնակցեն «Արի Տուն» ծրագրին: Նա անդրադարձել է ՀՀ նախագահի Դեյր Զորում կատարած հայտարարությանը և իր հերթին նշել, որ հայ ժողովրդի հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն տասը միլիոն հայության միասնական ջանքերով:
Այնճարի գյուղապետը Մուսա լեռան հերոսամարտը խորհրդանշող կրծքանշան է նվիրել տիկին Հակոբյանին: Փոխարենը նախարարը Այնճարի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորելով այնճարցիներին` հուշանվեր է հանձնել գյուղապետին:




























