Մեկ շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 14–ից 22–ը Ծաղկաձոր քաղաքում Եվրոպական Միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում 9 երկրների 27 ներկայացուցիչներ բացահայտում էին Եվրոպական քաղաքացիություն հասկացությունը:

«Եվրոպական Քաղաքացիությունը Բոլորի Համար» դասընթացը համախմբել է երիտասարդ առաջնորդների եւ ակտիվիստների Հայաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Իտալիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Իսպանիայից, Թուրքիայից եւ Ուկրաինայից: Դասընթացի նպատակն էր բացահայտել «Եվրոպայի քաղաքացի» հասկացությունը եւ ավելի խորքից հասկանալ եվրոպական արժեքներն ու ինքնությունը` այսպիսով խթանելով քաղաքացիներին ավելի շատ մասնակցություն ունենալ Եվրոպական ինտեգրման գործընթացներին: Ծրագրի նպատակն է նաեւ հզորացնել երիտասարդական կազմակերպությունների կարողությունները` իրականացնելու եւ աշխատելու Եվրոպական Հանձնաժողովի կողմից առաջարկվող ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ ուժեղացնել նրանց ազդեցությունն ու մասնակցությունը իրենց երկրների հասարակական կյանքում:

Ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան համակողմանի քննարկել թեման եւ կիսվել իրենց մտահոգություններով, բացի այդ նրանք ձեռք բերեցին նոր հմտություններ եւ կարողություններ, որոնցով հետագայում կկիսվեն իրենց ընկերների եւ կոլեգաների հետ, այսպիսով մեծացնելով դասընթացի ազդեցությունը:

Դասընթացի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ ներկայացնել իրենց երկրի մշակույթը, պատմությունը եւ ավանդույթները: Շաբաթվա ընթացքում մասնակիցները այցելեցին Հայաստանի պատմամշակութային կոթողներ, բացահայտել լավաշի պատրաստման գաղտնիքը եւ վայելել հայկական ժողովրդական երաժշտություն:

«Բացի նոր գիտելիքներից եւ հմտություններից, որ ձեռք բերեցի դասընթացի ընթացքում, ես տուն եմ տանում նաեւ անգնահատելի միջմշակութային փորձ եւ Հայաստանում անցկացրած այս մեկ շաբաթվա մասին ջերմ հիշողություններ», - ասել է դասընթացի վրացի մասնակից Իրակլին:

Դասընթացը իրականացվեց «Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով եւ ֆինանսավորվում էր Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջեւ ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաեւ երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:

Դասընթացը համատեղ անցկացվեց հայ եւ իտալացի մասնագետների կողմից Ծաղկաձորի Սայա հյուրանոցում:

Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը եւ Եվրոպական Խորհուրդը չի կարող որեւէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար: